Tuesday, December 17, 2013

Օ. Հենրի։ Մոգերի ընծաները


mskh_logo
I
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
մոգ, սակարկել, նպարավաճառ, օթոց, շքամուտք, հավակնոտ:
2. Բացատրիր տրված մտքերը։
• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:
• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:
• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:
3. Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.
• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,
•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:
4. Հեղինակի խոսքում առաձնացրու (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:
II
Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:
Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:
Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:
Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:
Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:
Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:
Հարցեր և առաջադրանքներ
5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
բերկրալի, հերակալ, նսեմացնել, բարապան£
6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:
Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:
7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.
Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ
եղածն ընդամենը այդքան էր:
8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:
9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝
• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,
• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:
III
Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
- Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:
- Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:
- Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:
- Շտապ տվեք,- ասաց Դելան:
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:
Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:
Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:
Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:
«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:
Հարցեր և առաջադրանքներ
10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
ավետել, կոհակել, ունելի, անպաճույճ:
11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:
12. Բացատրի’ր տրված մտքերը:
• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:
• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:
IV
Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:
Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:
Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:
Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:
Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:
- Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:
- Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:
- Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:
Ջիմը շվարած նայեց շուրջը:
- Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:
- Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:
Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:
Հարցեր և առաջադրանքներ
13. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
նավակատիք, ընդարմանալ:
14. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`
• հուզված է,
• վախեցած է:
15. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:
Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:
16. Բացատրիր հետևյալ միտքը:
Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:
V
Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:
- Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:
Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:
Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:
Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.
- Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:
Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:
- Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:
Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:
- Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:
Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Հարցեր և առաջադրանքներ
17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
ագուցել, անհապաղ, տոչորվել, բաղձալի:
18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.
• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:
• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.
- Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:
19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:
• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:
• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Ամփոփում
20. Դելայի և Ջիմի կերպարները ռոմանտիկակա՞ն, թե՞ ռեալիստական կերպարներ են: Պատասխանդ հիմնավորի’ր:
Օգնություն
Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստական, ռոմանտիկական և այլն:
Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:
Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:
21. Դուրս գրիր այն նախադասությունը (նախադասությունները), որտեղ խտացված է ստեղծագործության հիմնական գաղափարը (հեղինակի ասելիքը):
Աղբյուրը՝ http://marietsimonyan.wordpress.com/2013/07/01/ii-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84/#more-712

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...